
Ադրբեջանում հաշվարկել են Ղարաբաղյան պատերազմում ընկած զինծառայողների քանակը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը հրապարակել է Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների անունները: Ընդհանուր առմամբ, հրապարակվել է 11.557 անուն:
Չնայած մի շարք շրջանների գծով ցուցակներն ամբողջական չեն՝ այնուամենայնիվ, դրանք կարելի է համարել 1991-1994 թվականներին զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին պաշտոնական առաջին տվյալները: Զոհվածների ցուցակում ընդգրկվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները, քաղաքացիական անձինք բացակայում են:
Այն, որ Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը սկսել էր հաշվարկել Ղարաբաղյան պատերազմում զոհվածների քանակը, հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա գարնանը:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան (քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան), թե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների համար ի հայտ եկան մի շարք «եղբայրական գերեզմանոցներ» (զանգվածային գերեզմանոցներ)։
Խոսքն Ալիևի հրահանգով 1993 թվականի ձմռանը սկսված զանգվածային ու անհեթեթ հարձակման մասին է, որի ժամանակ, հայկական կողմի հաշվարկներով, ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 22.000 զինծառայող։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի նախկին ղեկավար Լեյլա Յունուսի տվյալներով, միայն Քարվաճառում (Քելբաջար) սպանվել է ավելի քան 5000 ադրբեջանցի զինծառայող։
Սակայն սպանված ադրբեջանցի զինծառայողների զգալի մասը հուղարկավորվել է ստեղծված «եղբայրական գերեզմանոցներում», որով նրանք հայտնվել են անհետ կորածների ցանկում, ինչն արվել է ադրբեջանական կողմի կրած խոշոր կորուստները թաքցնելու նպատակով։