
«Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել շիզոֆրենիայի դրսևորումը». Գուրգեն Արսենյանը՝ գողացված կտավի սեփականատեր լինելու մասին

Քրեագետ Սերգեյ Գալոյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել էր 2003 թվականին Մոսկվայում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գողությանը և նշել, թե հանցագործներից մեկի վկայությամբ՝ դրանց մի մասը գտնվում է Գուրգեն Արսենյանի մոտ:
«Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել շիզոֆրենիայի դրսևորումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Գալոյանի հայտարարությունը:
Գ.Արսենյանը հայտնեց, որ անցած տարի ինքն ի պաշտոնե հայտարարագրել է նաև գեղարվեստական կտավների իր հավաքածուն, և Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան անունով հեղինակի որևէ կտավ դրանում չկա. «Ես բոլոր կտավները ձեռք եմ բերել սեփականատերերից՝ համապատասխան փաստաթղթերով և գրանցումով: Ես գողացած նկարներ չեմ գնում և չունեմ այդպիսիք»:
Գ.Արսենյանը նաև նշեց, որ Գալոյանն արդեն մի քանի անգամ փորձել է իր հետ կապ հաստատել, և պարզ է, որ ինչ-որ շահագրգռություն ունի: Գ.Արսենյանը Գալոյանին բնորոշեց՝ որպես «մութ անձնավորություն», և հավելեց, որ, եթե նա շարունակի խաղալ իր բարի համբավի հետ, ապա հերյուրանքների համար կդիմի դատարան: