Ընդդիմությունը տեր է կանգնում Ռ. Քոչարյանի գնահատականներին

Այսօր խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել, որին մասնակցել են նաև «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության 10 անդամներ: Այս նախաձեռնությունը հանդես է գալիս «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառման դեմ, պահանջելով օրենքից հանել «պարտադիր» դրույթը: Համատեղ նիստի ժամանակ որոշում է կայացվել  բողոքի գործողություններ իրականացնել՝ ուղղված պարտադիր կուտակային կեսաթոշակային վճարումների դեմ: Խորհրդարանական խմբակցությունները որոշել են նաև օրենքի այլընտրանքային տարբերակ ներկայացնել ԱԺ, որով կառաջարկվի փոփոխություն կատարել «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում:

Դրանից հետո չորս խմբակցությունների ներկայացուցիչները` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և «Ժառանգության» անդամ Ռուբիկ Հակոբյանը փակ նիստ են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում քվեարկության դրված «գազային համաձայնագիրը», որով Հայաստանի կառավարությունը «ՀայՌուսգազարդի» կուտակած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմին» է փոխանցում «ՀայՌուսգազարդում» Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը:

Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել այս քվեարկության հրապարակված արդյունքները չեղյալ ճանաչելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Ընդդիմադիր խմբակցությունները համարում են, որ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունը պետք է ապօրինի համարել, քանի որ ոչ էլեկտրոնային եղանակով տեղի ունեցած քվեարկությունների ժամանակ ձայների հաշվումը պետք է կատարի ԱԺ հաշվիչ հանձնաժողովը:

«Բոլորի համար ակնհայտ է, և դա արձանագրված է նաև ԱԺ նիստի տեսագրություններում, որ հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն իր վրա է վերցրել մի մարդ` հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը»,- ասում է  ընդդիմության մեր աղբյուրը:

ՍԴ դիմել պատրաստվող պատգամավորները համարում են, որ ՍԴ-ն որքան էլ կողմնապահ գտնվի, չի կարող Սուքիաս Ավետիսյանին ընդունել՝ որպես հաշվիչ հանձնաժողով: Եթե դա տեղի ունենա, մեխանիկորեն չեղյալ կճանաչվի նաև «Գազային համաձայնագիրը», և Հայաստանը կվերատիրանա իր 20 տոկոս բաժնեմասին:

Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են նաև ՀԱԿ կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին միանալու հարցը:

Ըստ նույն աղբյուրի, որոշվել է, որ ՀԱԿ-ը պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումները, որից հետո այն կքննարկվի համատեղ նիստում, և հնարավոր է ՝այն խորհրդարան ներկայացվի՝ որպես բոլոր չորս խմբակցությունների նախաձեռնություն:

Արդյո՞ք ԲՀԿ-ն իսկապես պատրաստ է դառնալ կառավարությանն անվստահություն հայտնելու օրինագծի համահեղինակ: Անվստահություն հայտնել կառավարությանը, նշանակում է՝ անվստահություն հայտնել այդ կառավարության ղեկավարին նշանակած նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ սա կնշանակի, որ ԲՀԿ-ն շեղվում է կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Առավել հետաքրքիր կլինի, եթե ԱԺ նիստին մասնակցի և կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կողմ քվեարկի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սա միանգամայն հնարավոր տարբերակ է, եթե նկատի ունենանք կառավարության ղեկավարին տրված Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան գնահատականները:

Տեսանյութեր

Լրահոս