Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, համաձայն է գործող վարչապետի հասցեին ուղղված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հետ:
168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե համաձա՞յն է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ «թերարժեք վարչապետը ճոխություն է երկրի համար», որ «պատասխանատվությունից խուսափողը դեգրադացիա է ապրում», Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե վարչապետը և ՀՀ կառավարությունը ոչ միայն սխալ են աշխատում, թերարժեք են, այլև` վարում են հակասահմանադրական ու հակապետական գործունեություն:
«Ամբողջ իշխանությունը օրենքից դուրս է և վարչապետն ու կառավարությունն էլ ածանցյալ են, մեղսակից են, որովհետև ընտրության գողությունը պետական հանցագործություն է: Սրան մեղսակից դարձան հազարավոր համաքաղացիներ` սպառնալիքի և այլ լծակների ճնշմամբ: Մենք պետք է մեր խնդիրների պատասխանը գտնենք նախ ժողովրդի ինքնալիազորմամբ, քաղաքացիական ու քաղաքական ուժերի միավորմամբ և պետք չէ, որ մեկը մյուսի դատավորը կանգնի: Պիտի հասկանանք վերջին տարվա վերելքները, բացթողումները… գոնե իմ պայքարը նրա համար էր, որ մի հոգու շուրջը կանգնելով, մի հոգու անունը հոլովելով չէ, որ պիտի ստեղծվի ցանկալի քաղաքական լուծումը: Այո՛, վարչապետը, կառավարությունը սխալ են, թերարժեք են, աշխատում են օրենքից դուրս, աշխատում են հակաժողովրդական, հակասահմանադրական ու հակապետական թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ և սրանում մեղսակից է խորհրդարանական մեծամասնությունը»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե իշխող Հանրապետականը ցանկություն ունի ոչ թե Հանրապետություն ստեղծել, այլ` կուսակցապետություն: «Խորհրդանական մեծամասնությունը ուզում է ոչ թե Հնարապետություն ունենալ, այլ` կուսակցապետություն: Մեղսակից է նաև այն մարդը, որը զբաղեցնում է նախագահի աթոռը: Եվ միայն նա չէ… սա եղել է Հայաստանի պատմությունը 95 թվականից այս կողմ: Այո, թող բանավեճ լինի, թող քննադատեն, այո., որովհետև այս կառավարությունը պիտի հեռանա, այս իշխանությունը պիտի հեռանա, որովհետև օրենքից դուրս է»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը: