Շանթ Հարությունյանն այսօր դադարեցրել է հացադուլը. նա հիվանդանոցում ուշաթափվել էր
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Շանթ Հարությունյանը մեսունակ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ իրեն այդ մասին հեռախոսային զրույցի ընթացքում ասել է քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը, ով, փաստաբանի խոսքով, իրեն կոպիտ ձևով ասել է նաև, որ սահմանված ժամկետում պաշտպանին կծանոթացնի:
Ինեսսա Պետրոյանը նաև տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Նա նշեց, որ այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շուրջ մեկ ժամ սպասել է Շ. Հարությունյանին. փաստաբանի խոսքով՝ Շ. Հարությունյանը ուշաթափվել էր: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ երբ Շ. Հարությունյանը դադարեցրել է հացադուլը, նրան դիետիկ սնունդ տալու փոխարեն տվել են սովորական սնունդ: Պաշտպանն ասաց, որ Շ. Հարութունյանը շատ գունատ էր, նա պահվում էր վատ պայմաններում, ջեռուցում գրեթե չի եղել: