
Սիրիան Սաուդյան Արաբիային մեղադրել է «Ալ-Քադիայի» հետ կապված լինելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նամակ է հղել ՄԱԿ ԱԽ-ին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունենալու և արաբական պետությունում ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Ջաֆարին պահանջել է, որ Էր-Ռիյադին պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների համար: Դիվանագետը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ահաբեկչական ցանցի ղեկավար Այման ազ-Զավահիրին ջիհադ է հայտարարել Մերձավոր Արևելքում, ինչից քիչ անց Սաուդյան Արաբիայում բնակվող 72 աստվածաբան դիմել են ողջ աշխարհի մուսուլմաններին՝ կոչ անելով աջակցել Սիրիայում գործող մոջահեդներին և մասնավորապես «Իսլամական ճակատին»:
Վերջինս համագործակցում է «Ջեբհաթ ալ-Նուսրա» կազմակերպության հետ, որն ընդգրկվել է ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի «սև ցուցակում»: Ջաֆարին գրել է, որ այդ ամենը հանդիսանում է ապացույց, որ Սաուդյան Արաբիայի տվյալ աստվածաբաններն ու նրանց թիկունքին կանգնած ղեկավարները կապված են «Ալ-Քաիդայի» և նրա ղեկավար Այման ազ-Զավահիրիի հետ: