Նախևառաջ Էրդողանը թող գա Թեհրան. Հասան Ռոուհանի
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ առաջիկա ժամանակաշրջանում Թուրքիայի ու Իրանի միջև առաջնորդների մակարդակով տեղի կունենան փոխադարձ այցեր: Նախորդ տարվա դեկտեմբերին թուրքական կողմը հայտնել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս ժամանելու է Թուրքիա:
Չնայած դրան՝ Թեհրանը հայտարարել է, որ նախ պետք է Իրան այցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Այս տարվա հունվարի 4-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Ռոուհանին նախ Էրդողանին է հրավիրում Թեհրան:
Թուրքական կողմը դրական պատասխան է տվել դրան: Ակնկալվում է, որ Էրդողանը հունվարի վերջին կայցելի Իրան: Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ Ռոուհանին Թուրքիա կժամանի դրանից հետո՝ փետրվարին: Կողմերի միջև հանդիպումներում հիմնականում խոսք է գնալու Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:
Նշվում է, որ Զարիֆի թուրքական վերջին այցի ժամանակ երկու երկրները պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ: