
Gmail-ում հնարավոր է դարձել անհայտ հասցեներով էլեկտրոնային նամակներ ուղարկելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Google ընկերությունը իր Gmail փոստային ծառայությունից օգտվողներին թույլատրել է նամակ ուղարկել այն մարդկանց, որոնց էլեկտրոնային հասցեներն անհայտ են իրենց: Նորարարության մասին նշված է Google-ի բլոգում: Այս ծառայությունը փոխգործակցում է Google+ սոցցանցի հետ:
Նամակն ուղարկելու համար «Ստացող» բաժնում պետք է գրել մարդու անունը: Եթե մարդը գրանցված է Google+-ում, ապա նա կստանա այն: Չնայած նրան, որ նամակն ուղարկվում է հասցեով, ուղարկողը չի իմանա ստացողի e-mail-ը: Այն «կբացահայտվի» միայն այն դեպքում, եթե ստացողը պատասխանի նամակին:
Եթե Google+ սոցցանցի օգտատերը չի ցանկանում, որ իրեն նամակներ ուղարկեն իր հասցեն չիմացող մարդիկ, ապա նա կարող է այդ մասին նշել Gmail-ի «Կարգավորումներ» բաժնում: Google+ սոցցանցը սկսել է գործել 2011 թվականի ամռանը: