
Ինեսա Պետրոսյան. Շանթ Հարությունյանը հյուծված էր, իսկ ճնշումը ցածր էր

Արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր այցելել է Շ. Հարությանյանին: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շ. Հարությունյանը հյուծված է եղել, իսկ ճնշումը ցածր է եղել: Նրա խոսքով՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շ. Հարությունյանը հնարավոր է շուտով հայտարարությամբ հանդես գա:
Ինեսա Պետրոսյանն ասաց նաև, որ այսօր վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել Շ. Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման դեմ բողոքը: Դեկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով Շ. Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):