Բաժիններ՝

2013 թվականին բնական աղետների պատճառած վնասն աշխարհում կազմել է 92 միլիարդ եվրո

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին աշխարհում գրանցվել է 880 բնական աղետ, որոնց պատճառած վնասի ընդհանուր չափը կազմում է 92 միլիարդ եվրո: Բնական աղետների հետևանքով զոհվել է ավելի քան 20.000 մարդ:

Այս մասին հայտարարել են գերմանական Munich Re վերաապահովագրական ընկերության մասնագետները: Նրանց խոսքերով՝ 2013 թվականին բնական աղետների պատճառած վնասի չափը մի փոքր պակաս է եղել բազում տարիներ պահպանվող միջին մակարդակից՝ 130 միլիարդ եվրո:

Ամենամեծ վնասը պատճառել են Գերմանիայում և Եվրոպայի մի շարք երկրներում գրանցված ամառային ջրհեղեղները՝ 11.7 միլիարդ եվրո: Մարդկային ամենամեծ կորուստների է հանգեցրել նոյեմբերի վերջին Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունը: Որոշակի տվյալներով՝ դրա հետևանքով զոհվել է ավելի քան 6000 ֆիլիպինցի, իսկ միլիոնավոր ֆիլիպինցիներ էլ զրկվել են տանիքից:

Վերջին 30 տարում բնական աղետների պատճառած վնասը գնահատվել է 3.8 տրիլիոն դոլար: Ընդ որում, այդ ցուցանիշի 74 տոկոսը (2.8 տրիլիոն դոլար) բաժին է ընկել եղանակային էքստրեմալ երևույթներին: 2012 թվականին բնական և տեխնածին աղետները համաշխարհային տնտեսությանը պատճառել են մոտ 140 միլիարդ դոլարի վնաս, իսկ 2011 թվականին՝ մոտ 350 միլիարդ դոլարի վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս