
Ջիմ Թորոսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։