Մեղադրվում են «Դիանա» խանութից տարբեր տեսակի ապրանքներ հափշտակելու մեջ
Հ. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել գողությանն օժանդակելու մեջ և դատապարտվել ազատազրկման: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2009թ. մայիսի 30-ին օժանդակել է համածառայող Ա. Ոսկանյանին, քաղաքացիական համազգեստ տրամադրել նրան:
Ըստ մեղադրանքի՝ Ա. Ոսկանյանը նույն օրը շահադիտական դրդումներից ելնելով՝ պատուհանի օդանցքի ապակին հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ս. Սարգսյանին պատկանող «Դիանա» խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ՝ ծխախոտ, ածելիներ, քաղցրավենիք, երշիկեղեն, օճառներ, օծանելիք: Արդյունքում, ըստ մեղադրանքի՝ խանութի տիրոջը պատճառվել է 104.950 դրամի նյութական վնաս: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել գողությանն օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդված): Հ. Հարությունյանի հետ միասին, մեղադրանք է առաջադրվել ևս երկու հոգու: Սակայն Հ. Հարությունյանին վերաբերող մասը գործից անջատվել է:
Միաժամանակ քրեական գործի վարույթը կասեցվել է մինչև Հ. Հարությունյանի գտնվելու վայրը պարզելը. Հ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2013թ. դեկտեմբերի 2-ին Ոստիկանության Կապանի բաժնից ստացվել է գրություն, որի համաձայն՝ Հ. Հարությունյանը նոյեմբերի 30-ին հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ուղևորահոսքում և բերման ենթարկվել Ոստիկանության Կապանի բաժին: Քրեական գործի վարույթը վերսկսվել է ու նշանակվել է դատաքննություն:
Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Հարությունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչև դատաքննությունը սկսելը միջնորդել է այն անցկացնել արագացված կարգով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը միջնորդությունը բավարարել է և որոշում կայացրել արագացված դատական քննություն նշանակելու մասին:
Դատավոր Նապոլեոն Օհանյանը Հ. Հարությունյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, դատարանի վճռով Հ. Հարությունյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է պատժի կրումից: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան: