
Թուրքիան փորձարկելու համար ստացել է A400M ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ փորձարկումների համար Թուրքիա է բերվել Airbus A400M ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը: Այն ունակ է փոխադրել ամբողջովին սպառազինված 116 զինվորի (մեկ էսկադրոն): Պլանավորված է A400M-ը ծավալել երկրի արևելքում՝ Քայսերիում:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է մինչև 2018 թվականը ձեռք բերել 10 հատ A400M ինքնաթիռ, ինչի համար վճարելու է 1.5 միլիարդ դոլար: 4 շարժիչով A400M-ն ունակ է կրել 37 տոննա բեռ, վեր բարձրանալ 11.300 մետր, զարգացնել մինչև 780 կմ/ժամ արագություն: Ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է 8700 կիլոմետր:
Դրանք կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Նշվում է, որ մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է վերածվել թռչող հիվանդանոցի: