
Վրացական լարին կունենա միջազգային գրաֆիկական իր խորհրդանիշը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի Ազգային բանկը մրցույթ է հայտարարել լարիի գրաֆիկական խորհրդանիշի դիզայնի ստեղծման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն:
Վերջինիս խոսքերով` այդպիսի խորհրդանիշը կծառայի ազգային արժույթի հանրաճանաչության և միջազգային արենայում նրա ճանաչման մեծացմանը, ինչպես նաև դրականորեն կանդրադառնա վրացական արժույթի իմիջի վրա: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի հունվարի 27-ը:
Դրանից հետո հատուկ ստեղծված հանձնաժողովը կդիտարկի ներկայացված տարբերակները և 90-օրյա ժամկետում կընտրի հաղթողին: Ներկայացված տարբերակները չպետք է ամբողջովին կամ մասնակիորեն նման լինեն այլ երկրների արժույթների խորհրդանիշներին: Մրցույթի հաղթողը կստանա 2000 լարի (1150 դոլար) պարգև: