
ՌԴ-ում առանց վիզա ժամանող ներգաղթյալների համար սահմանափակել են երկրում գտնվելու ժամկետը

Ռուսական Российская газета թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը առանց վիզայի Ռուսաստան մուտք գործելու իրավունք ունեցող օտարազգուն 90-օրյա ժամկետով է սահմանափակում կես տարվա ընթացքում երկրում գտնվելը:
Օրենքի համաձայն, առանց վիզա կարգով երկիր մուտք գործած օտարազգին 180 օրվա ընթացքում Ռուսաստանում կարող է գտնվել միայն 90 օր` բացառությամբ դաշնային օրենքով նախատեսված դեպքերի:
Բացի այդ, օտարազգիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեք տարով արգելվել է Ռուսաստան մուտք գործելը, եթե Ռուսաստանում իր գտնվելու նախորդ շրջանում նրանք գերազանցել են յուրաքանչյուր 180-օրյա ժամկետում երկրում 90 օրով գտնվելու ժամկետը:
Եթե նախկինում ներգաղթյալը կարող էր ժամանել Ռուսաստան, այնտեղ ապրել 90 օր, աշխատանք փնտրել կամ աշխատել ապօրինաբար, իսկ հետո` այդ ժամկետի սպառվելուց հետո, վերադառնալ հայրենիք և արդեն իսկ հաջորդ օրը վերստին վերադառնալ Ռուսաստան, ապա այժմ դա չի հաջողվի նրան:
90 օր անց Ռուսաստանը լքած ներգաղթյալը վերստին կարող է Ռուսաստանի սահմանը հատել միայն 90 օր անց, քանի որ նա կես տարում Ռուսաստանում կարող է գտնվել միայն երեք ամիս ժամկետով: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ օրենքն ուղղված է ապօրինի ներգաղթին հակազդելուն: Գերատեսչության գնահատմամբ` ներկայումս Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների քանակը կազմում է մոտ 3.5 միլիոն մարդ: