
Ռուսաստանում առաջարկում են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար

Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ` Պետդումայի օրակարգում հայտնվել է նախագահին դիմելու մի նախագիծ, որում խոսք է գնում ահաբեկչության համար մահապատիժ սահմանելու անհրաժեշտության մասին: Փաստաթուղթն իր գործընկերներին ներկայացրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոման Խուդյակովը:
Վերջինս իր առաջարկը շաղկապել է Վոլգոգրադում տեղի ունեցած աղետալի իրադարձությունների հետ. «Եթե չեղյալ հայտարարվի մահապատժի կասեցումը, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում կլինեն շատ ավելի քիչ հանցագործություններ»:
Սրանից առաջ էլ ահաբեկիչների համար մահապատժի ներդրման օգտին հանդես էր եկել «Ռոդինա» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևը: Միևնույն ժամանակ մարդու իրավունքների գծով լիազոր Վլադիմիր Լուկինը կոչ է արել տուրք չտալ «հիստերիկ» կոչերին: Նրա կարծիքով` ահաբեկիչների համար մահապատժի վերականգնմանը ձգտում են հասնել Ռուսաստանի թշնամիները: