Վոլգոգրադի ահաբեկչությունները ձեռնտու են Վլադիմիր Պուտինին. Berliner Zeitung
Newsru.com-ի փոխանցմամբ` միջազգային հանրությունը դատապարտել է Վոլգոգրադի ահաբեկչությունները: The Washington Times-ը գրում է, որ Արևմտյան հետախուզությունների վերլուծաբանները Ռուսաստանի հարավում տեղի ունեցած ահաբեկչությունները կապում են Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի հետ:
Պարբերականը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին հյուսիսկովկասյան իսլամականների առաջնորդ Դոկու Ումարովն իր կողմնակիցներին կոչ էր արել օգտագործել բոլոր մեթոդները` տապալելու համար օլիմպիական խաղերի անցկացումը Սոչիում:
ԿՀՎ-ի նախկին աշխատակից Բրյուս Ռիդելը պարբերականին հայտնել է, որ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում պետք է սպասել ռուսական թիրախների վրա նորանոր հարձակումներին, ընդ որում, թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում:
Բրիտանական The Independent պարբերականը կասկած է հայտնում, որ Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կովկասում վերականգնել երկարաժամկետ խաղաղությունը, քանի որ երկրին չեն բավականացնում մարդկային ռեսուրսները` միաժամանակ կոշտ վերահսկողության տակ պահելու համար բոլոր հանրապետությունները:
Բրիտանական The Guardian թերթը վստահեցնում է, որ 7 տարի առաջ, երբ Ռուսաստանը նվաճեց Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը, արդեն իսկ ակնհայտ էր մեծ ռիսկը:
Այսօր կարելի է փաստել, որ այդ խաղերը հյուրընկալող երկիրը երբևէ չի ունեցել ահաբեկչության նման մակարդակ: Այդ տարածաշրջանում Պուտինի ու Ելցինի սխալների համար արդեն իսկ վճարվել է բարձր գին, ինչը կարող է էլ ավելի բարձր լինել Սոչիում:
Գերմանական Berliner Zeitung-ը գրել է, որ որքան էլ դա տարօրինակ հնչի, Վոլգոգրադի ահաբեկչությունները ձեռնտու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ այժմ նա անվտանգության պատրվակով կարող է էլ ավելի զգուշավոր միջոցներ ձեռնարկել մինչև օլիմպիական խաղերն ու դրանց ընթացքում, և ոչ ոք չի կարող նրան հանդիմանել դրանում:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Բանդար բին Սուլթանը Ռուսաստանին գործարք էր առաջարկել Սիրիայի վերաբերյալ: Նա երաշխավորել էր հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը` խոստովանելով, որ չեչեն զինյալների խմբերը, որոնք տարբեր տիպի սպառնալիքներ են հնչեցնում Օլիմպիական խաղերի վերաբերյալ, գտնվում են իրենց վերահսկողության տակ: