Սաուդյան Արաբիան Ռուսաստանին սպառնացել է ահաբեկչություններով
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ նոր մանրամասներ են ի հայտ եկել Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանին արած առաջարկի շուրջ: Հուլիսի վերջին ոչ պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Բանդար բին Սուլթանը, ով 22 տարի հանդիսացել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան և հայտնի է «Բանդար Բուշ» մականվամբ՝ Բուշի ընտանիքի հետ իր կապերի համար:
Սուլթանը Ռուսաստանին առաջարկել էր համագործակցություն էներգակիրների համաշխարհային շուկայում: Խոսքը համաշխարհային շուկայում նավթի առաջարկի ու գնի վրա համատեղ վերահսկողության մասին է:
Բացի այդ, Սուլթանը Պուտինին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան հասկանում է Եվրոպային գազամատակարարումների, ինչպես նաև Միջերկրական ծովում մի շարք նախագծերի իրագործման հարցում Ռուսաստանի շահերը և չի խոչընդոտի դրանց:
Սուլթանի խոսքերով՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է Ռուսաստանից գնել 15 միլիարդ դոլարի զենք (2008 թվականին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր էին նախաստորագրել Т-90 տիպի 150 միավոր տանկի, ինչպես նաև Ми-17 և Ми-35 տիպի 100 միավոր ուղղաթիռի առքուվաճառքի վերաբերյալ) և երաշխավորել, որ Սիրիայի տարածքով Եվրոպա չեն ձգվի գազամուղեր, որոնք կխաթարեն եվրոպական շուկայում Ռուսաստանի դիրքերը:
Բացի այդ, բին Սուլթանը վստահեցրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությունից հետո Սաուդյան Արաբիան կօգնի Ռուսաստանին Սիրիայում պահպանել Տարտուս ռազմածովային բազան:
Դրա դիմաց Մոսկվան պետք է ՄԱԿ ԱԽ-ում վետո չդներ Սիրիական հակամարտությանն առնչվող բանաձևերի նախագծերի վրա: Սակայն Վլադիմիր Պուտինը պատասխանել էր, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Եվ ահա նոր մանրամասներ են ի հայտ եկել տվյալ բանակցություններից: Պարզվել է, որ Բին Սուլթանը երաշխավորել է հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը: Նա խոստովանել է, որ չեչեն զինյալների խմբերը, որոնք տարբեր տիպի սպառնալիքներ են հնչեցնում Օլիմպիական խաղերի վերաբերյալ, գտնվում են իրենց վերահսկողության տակ:
Դրանով իսկ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը փաստացիորեն հասկացնել է տվել, որ չի բացառում, որ Ռուսաստանը խնդիրներ կունենա՝ կապված Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հետ, եթե չփոխի Սիրիայի հարցում իր դիրքորոշումը: Սուլթանը Պուտինին հայտնել է, որ անխուսափելի է Սիրիական հակամարտության (արտաքին) ռազմական հանգուցալուծումը: