Բաժիններ՝

Secret wishes. Գաղտնի ցանկությունները կարող են իրականանալ նոր հավելվածի շնորհիվ

Եթե ցանկանում եք ռոմանտիկ ընթրիքի կամ ֆիլմ դիտելու հրավիրել Ձեր սիրելին, բայց  վախենում եք մերժվել, կամ, օրինակ, հասարակության բացասական կարծիքին արժանանալ, ապա նոր հավելվածը հենց ձեզ համար է: Secret wishes («Գաղտնի ցանկություններ»)՝ ահա այսպես է կոչվում նոր հավելվածը, որը ձեզ հնարավորություն կտա ձեր ընտրյալին անանուն որևէ տեղ հրավիրել կամ էլ որևէ առաջարկ անել:

Նոր հավելվածի գաղափարն ու իրականացումը պատկանում է 5 հայ երիտասարդների. նրանց խմբում կան ծրագրավորող, դիզայնի ու մարքետինգի մասնագետներ: Այս թիմն իր Secret wishes հավելվածի գաղափարով ներկայացել էր «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնին, որտեղ ճանաչվեց լավագույն թիմ: Թիմի անդամ Ստեփան Սմբատյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հավելվածը նախևառաջ լինելու է  Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, իսկ հետագայում արդեն հնարավոր է՝ լինի նաև հավելվածի iOS օպերացիոն համակարգով աշխատող տարբերակը: Սակայն դրա ստեղծման համար անհրաժեշտ կլինեն հավելյալ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:

«Ձեր գաղտնի ցանկությունը և ձեր անունը դիմացինը կիմանա միայն այն դեպքում, եթե երկուսիդ ցանկությունները համընկնում են, և երկուսդ էլ միմյանց եք ընտրել, հակառակ պարագայում ձեր անունը գաղտնի կմնա»,- մանրամասնեց Ս. Սմբատյանը` նշելով, որ թիմն այժմ աշխատում է հավելվածը կատարելագործելու վրա: Քննարկվում են նաև որոշ հարցեր:  Օրինակ, միմյանց ընտրելու դեպքում ինչպե՞ս տեղեկացնել ընտրյալին, եթե ձեզանից մեկը ցանկանում է ռոմանտիկ ընթրիքի գնալ, իսկ մյուսը՝ ֆիլմ դիտելու, կամ՝ քանի՞ անգամ կարելի է հավելվածի միջոցով առաջարկություն անել, և այլն:

«Հավելվածից օգտվելու, ձեզ կատարած առաջարկի և երկուսիդ գաղտնի ցանկությունների համընկնել-չհամընկնելու համար երկու կողմն էլ պետք է իր խելացի սարքում ունենա նշյալ հավելվածը»,- ասաց Ս. Սմբատյանը` նշելով, որ 2014 թվականի փետրվարին հավելվածը հասանելի կլինի Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, այն հնարավոր կլինի անվճար ներբեռնել Google Play-ից:

Կարդացեք նաև

Լուսինե Մովսիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս