Կալանավորված Վահե Մկրտչյանի անչափահաս երեխան 7 օր շարունակ ջերմություն է ունեցել «հոր կարոտից»

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Վահե Մկրտչյանի ընտանիքը նրանից շատ տեղեկություններ չունի: Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ազատությունից զրկվելուց որոշ ժամանակ անց Վահե Մկրտչյանը զանգահարել ու ասել է, որ կալանավորված է, ինչից հետո նրանից քիչ տեղեկություն է իրենց հայտնի:

«Դեկտեմբերի 24-ին Վահեի ծննդյան օրն էր, և երկու անչափահաս երեխաները ծննդյան օրը նշեցին տանը՝ ընտանիքի անդամների հետ, ընկերական շրջապատում: Բացիկներ ենք փոխանցել ծննդյան օրվա կապակցությամբ ամիս 24-ին: Այսօր որերորդ օրն է՝ դեռ չգիտենք՝ ստացե՞լ է մարդը իր շնորհավորանքները»,- ասաց Մարգարիտա Ստեփանյանը: Նրա խոսքով՝ Վահե Մկրտչյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրված և ինքը չի հասկանում՝ ինչ պիտի լինի, եթե իրենք հանդիպեն ու խոսեն:

Վահե Մկրտչյանի կինը հայտնեց նաև, որ փաստաբանի տեղեկացմամբ՝ կալանավայրում գտնվող Վ. Մկրտչյանը առողջական խնդիրներ ունի: «Ամբողջ ատամնաշարը բորբոքվել է, վիրահատություն են արել նույնիսկ այնտեղ տեղում: Ամբողջ ատամնաշարը բորբոքված մարդը չի կարողանում սնունդը նորմալ ընդունել, որովհետև ատամնաբույժի կողմից ինքը սկսել էր բուժում ստանալ, ու հիմա այդ ամեն ինչը կիսատ է»,- ասաց Վ. Մկրտչյանի կինը:  Նրա խոսքով՝ մեղադրյալի անչափահաս երեխան 7 օր շարունակ ջերմություն է ունեցել «հոր կարոտից»:

Նշենք, որ Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

 

Տեսանյութեր

Լրահոս