Շանթ Հարությունյանի կինը մտահոգված է Շանթի կյանքի համար
Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը, պահանջում է վերացնել նրա հեռախոսազանգերի և տեսակցությունների արգելքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Շ. Հարությունյանը մի քանի օր առաջ դիմել էր տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանքը վերացնելու պահանջով, սակայն այն մերժվել է:
«Այժմ մենք ենք պահանջում վերացնել տեսակցությունների արգելանքը: Մեր պահանջը քաղաքական չէ, քաղաքական ենթատեքստ չունի, սա զուտ հումանիստական, մարդասիրական մոտեցում է»,- այսօր հայտարարեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը: Նա նշեց, որ դեկտեմբերի 24-ից Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իր անվտանգության համար երաշխիքներ ապահովել:
«Գիտեմ նաև, որ ունի առողջական խնդիրներ, վատառողջ է, և առանց սնունդի փաստորեն ընդունում է դեղամիջոցներ, շատ ծխում է, և արդեն վտանգված է նրա առողջությունը: Այժմ դիմում եմ ձեզ՝ հայտնելով, որ ես մտավախություն ունեմ նրա կյանքի համար: Տեսակցությունների արգելանքը հալածանք է նաև ընտանիքների նկատմամբ: Կոնկրետ իմ դեպքում ասեմ, որ որդիս 14 տարեկան է, հասունացման այս շրջանում այս ձևով մեկուսացումը կարող է շատ վատ անդրադառնալ նրա հոգեկան աշխարհի վրա»,- ասաց Շ. Հարությունյանի կինը:
Նա դժվարացավ գնահատական տալ՝ ինչո՞ւ են արգելված տեսակցությունները, սակայն նշեց, որ կիրառվում են Խորհրդային միության մեթոդները:
Ռուզաննա Բադալյանը մտահոգություն հայտնեց, որ վաղվանից մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր են և չեն կարող իմանալ՝ ի՞նչ կկատարվի նոյեմբերի 5-ից ազատազրկվածների հետ: