
Հովիկ Աբրահամյան. 2013թ. մեր պետության, մեր ժողովրդի համար եղել է նշանակալից տարի (տեսանյութ)

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ խորհրդարանում ընդունելության էր հրավիրել: Ներկա էին ոչ միայն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև` պատգամավորներ: Նա շնորհավորական խոսք ուղղեց ներկայաներին` նշելով, թե 2013 թվականը արդյունավետ աշխատանքի տարի է եղել ԱԺ-ի համար: Ապա շեշտեց, որ խորհրդարանը՝ լինելով բազմակարծության ամբիոն, բնական է, որ արձանագրել է նաև տարաձայնություններ, քաղաքական հայացքների և շահերի բախումներ:
Հովիկ Աբրահամյանը նաև ավանդույթի համաձայն մի քանի լրատվամիջոցների նվերներ հանձնեց` խորհրդարանի աշխատանքները բարեխիղճ լուսաբանելու համար: Լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահը, խոսելով տարվա ձախողումների մասին, ասաց. «Ձախողում ասելով… մենք պետք է ըստ ոլորտների քննարկենք: Եղել են ոլորտներ, որ ձեռքբերումներ ունենք, կան ոլորտներ, որ բացթողումներ ենք ունեցել: Բայց պետք է հաշվի առնենք, որ 2013 թվականին մեր պետության, մեր ժողովրդի համար եղել է նշանակալից տարի: Բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, ընտրություններ ենք ունեցել` նախագահի, քաղաքապետի, և որոշումներ ենք լուրջ կայացրել»: