Հովիկ Աբրահամյանը՝ իր դեմ պատվեր կատարողների մասին. Նման մարդկանց վերջը շատ վատ է լինելու
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս հանրության համար բացահայտել էր, որ ունի իր դեմ աշխատող պատվիրատուների ցանկ: Դեկտեմբերի 11-ի ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ ունեցած լեզվակռվից հետո, երբ պատգամավորը Աբրահամյանին մեղադրեց ձկնաբուծարան ունենալու մեջ, Հովիկ Աբրահամյանն էլ Զ. Փոստանջյանին մեղադրեց` իր դեմ մամուլի միջոցներում պատվերներ տալու մեջ:
168.am-ը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե պատվիրատուների ցանկը մե՞ծ է, բացի Զ. Փոստանջյանից՝ ովքե՞ր կան ընդգրկված այդ ցանկում: Նա չպատասխանեց հարցին և միայն հույս հայտնեց` նշելով. «Հույս ունեմ, որ 2014 թվականին էդ վատ գործով այլևս չեն զբաղվի»:
Ինչ վերաբերում է այն լրագրողներին, ովքեր ստանձնում են Աբրահամյանի դեմ պատերներ գրելու պարտականությունը, ում ԱԺ նախագահն արդեն մի անգամ որակել «հաստավիզներ», Հովիկ Աբրահամյանն ասաց, թե նման մարդկանց «վերջը շատ վատ է լինելու»:
«Որոշ լրագրողներ փորձում էին հերյուրանքներ տարածել, բայց նրանց, իհարկե, չհաջողվեց և ես շնորհակալ եմ ողջամիտ լրագրողներին, ովքեր չգնացին այդ շանտաժին, պրովոկացիային ընդառաջ, բայց կներեք` էլի պիտի ասեմ. ես ձեր առաքելությունը չեմ տեսնում պատվերն իրականացնելու: Դա, իհարկե, վերաբերում է այն քիչ թվով լրագրողներին, որ իրենք դրա համար չեն կոչված, կոչված են հասարակությանը օբյեկտիվ իրողությունները ներկայացնելու համար: Դա վատ բան է, որ որևէ մի լրագրող փորձում է սրա-նրա պատվերը կատարել: Ինձանից մի նեղացեք:
Եթե նայեք` երկու-երեք կայք կա, որ ամբողջ օրը զբաղված է ինձ սևացնելով, հերյուրանքներ տարածելով, իմ ընտանիքի հասցեին հերյուրանքներ տարածելով, որը շատ վատ բան է: Ես կարծում եմ, որ լրագրողների առաքելությունն ավելի բարձր է, ավելի արժանապատվորեն պիտի իրականացնեք ձեր առաքելությունը, որովհետև հանրությունը ձեզանից ակնկալում է ճիշտ ինֆորմացիա: Եթե ես սխալ բան եմ անում ու դրա մասին խոսեք` ես չեմ վիրավորվի, եթե ես թերություն ունեմ` դրա մասին խոսեք, ես չեմ նեղանա, բայց չի կարելի ստեր ստեղծել, հորինել, իսկ նման մարդկանց վերջը շատ վատ է լինելու»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին, Հ. Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատուն իհայտ եկավ: Կա պատվիրատու այս դահլիճում, որ հոդվածնրը ինքն է պատվիրում, ու իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կպված սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»: