Հովիկ Աբրահամյանի և Զարուհի Փոստանջյանի լեզվակռիվը թափ է հավաքում
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին մեղադրեց իր մամուլի միջոցներում իր մասին պատվերներ տալու մեջ: «Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատուն իհայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, զբաղվում եմ ձկնարդյունաբերությամբ, ու փաստորեն պատվիրատուն դահլիճում նստած է (դիմում է Զարուհի Փոստանջյանին- Տ. Մ.): Կա պատվիրատու այս դահլիճում, որ հոդվածնրը ինքն է պատվիրում, ու իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կպված սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Զարուհի Փոստանջյանի պատասխանն այս առնչությամբ չուշացավ: Նա հայտարարեց, թե Հովիկ Աբրահամյանը ինքնուրույն որոշումներ կայացնող անձնավորություն չէ, ուստի անգամ այնպիսի օրինագծին, որը դեմ է ր շահերին, քվեարկելու է կողմ: «Անկախ նրանից՝ ինչպե՞ս պետք է քվեարկեք, դուք նույնիսկ հնարավորություն չունեք խղճի մտոք քվեարկել, հնարավորություն չունեք Ձեր կամքը ազատորեն արտահայտել և սա բնական է, որովհետև դուք ենթակա անձ եք: Դուք չեք կարող կառավարության ներկայացրած նախագծին դեմ քվեարկել, իհարկե, չեք կարող, բայց փորձել եք արտահայտել ձեր դիրքորոշումը, որովհետև ձեր շահերից բխող գործընթաց է տեղի ունենում: Հասկանալի է, բայց այլ գործիքներ, հնարավորություններ չունեք, դուք այդ մարդը չեք, որ կարող է ինքնուրույն որոշուներ կայացնել, ասեիք, որ օրինագծին պետք է դեմ քվեարկել»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրամյանի մեղադրանքներին՝ հոդվածներ պատվիրելու վերաբերյալ, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մամուլին եք վիրավորում: Վախենո՞ւմ եք այդ մամուլից, հա՞: Ուրեմն դուք ենթակա մարդ եք, այո վախենում եք, որովհետև եթե ինչ-որ բաներ գրում են, ճիշտ են գրում: Ասում եք, թե պատվիրատուներ կան… Ես չեմ կարծում, որ այստեղ մարդիկ կան, որ պետք է պատվիրեն մամուլին, որ գրեն: Այս ամենը ակնհայտ է, այդ տեղեկատվությունը բոլորին մատչելի է և կարիք չկա, որ ձեր մասին պատվերներ տան, որ այդ մասին գրեն: Քաղաքացիները հասկանում են՝ ինչ երկում են ապրում, լրագրողներն էլ հասկանում են՝ ով ով է, ինչով է զբաղված»: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հորդորներին՝ պատվերների փոխարեն զբաղվել բարեգործությամբ, ապա Զարուհի Փոստանջյանն ասաց. «Եթե հորդորում եք զբաղվել բարեգործությամբ, շատ լավ կլինի, որ դուք թողնեք ձեր պաշտոնը, երկիրը կառավարեն նորմալ մարդիկ, ովքեր գողությամբ ու թալանով չեն զբաղվի, իսկ գողերին ու թալանողներին կպատժեն: Սա պետք է լինի, այլ ոչ թե ձեր խորհուրդները՝ բարեգործությամբ զբաղվելու վերաբերյալ»:
«Նենց որ, ենթակա եք, մնացեք ձեր ենթակայության ներքո, ձեզ համեստ պահեք և դրսևորեք: Հասկանալի է, ենթակա մարդիկ եք հավաքված, ու եթե ենթակա չլինեք, չէիք հանդուրժի այս աղետալի վիճակը: Հանդուրժել եք, հիմա եկել եք խոսում եք… Տգեղ է, հարիր չէ, ամոթ է: Յուրաքանչյուր անգամ վերադառնալու եք ձեր տուն, նայելու եք ձեր երեխաների աչքերին ու ի՞նչ եք ասելու»: Հովիկ Աբրահմանն էլ տեղից արձագանքեց. «Տիկին Փոստանջյան, ես ըմբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, վերցնում եմ իմ վրա ձեր մաղձը: Բայց ինչքա՞ն պետք է ես դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք այդքան մաղձ ունեք մեր նկատմամբ, մեր իշխանությունների»: Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց. «Սերժ Սարգսյանին դիմեք՝ կասի»: