Բաժիններ՝

ՔԱԳՎ-ն հերքում է. ո՛չ վարչությունը, ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ պետությունը պատասխանատվություն չեն կարող կրել «Արմավիայի» պարտքի համար

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հարկ է համարել անդրադառնալ օրերս մեր հրապարակած «Բաղդասարովի պարտքերը մարվելո՞ւ են բյուջեից» հոդվածին («168 Ժամ», դեկտեմբերի 26), որտեղ նշել էինք, որ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը՝ մոտ 120 մլն դոլար, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների գրպանից: Տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին «Արմավիայի» կուտակած պարտքի մարումն, ի վերջո, կատարվելու է բյուջեից, որովհետև, երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որևէ ընկերության, պետք է տեղյակ լինի` այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ: Այսինքն՝ պետությունը պատասխանատվություն է կրում իր երաշխավորած ընկերության համար, առավել ևս, որ այն մենաշնորհ ուներ:

Նաև նշել էինք, որ այս տեղեկությունը ճշտելու նպատակով դեռևս նոյեմբերի 22-ին դիմել էինք ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` հետևյալ հարցադրումներով. «Այլ պետությունների ո՞ր օդանավակայաններն ու նավիգացիոն ծառայություններն են հայտեր ներկայացրել «Արմավիա» ավիաընկերության ունեցած պարտքերի մարման համար, ընդհանուր պարտքը որքա՞ն է կազմում: Կա՞ն արդյոք դատական հայցեր: Արդյոք «Արմավիան» վճարելո՞ւ է այդ պարտքերը, եթե ոչ, ապա ո՞վ/ո՞ր կառույցն է ստանձնելու այդ պարտավորությունը»: Սակայն կառավարությունը գերադասել էր լռել` չկատարելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջները, և պատասխան չէր տվել:

Հրապարակումից հետո հոդվածին անդրադառնում է ՔԱԳՎ իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը՝ նշելով. «Թեև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բազմիցս անդրադարձել է ներքոհիշյալ խնդրին, սակայն, քանի որ ներկայումս մամուլում արծարծվում է այս հարցը, ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել, որ «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ պարտքերը տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ օտարերկրյա) նկատմամբ չեն կարող վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, քանի որ «Արմավիայի» պարտքերը պետք է վճարվեն «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի կողմից:

Պարտքերի գոյանալը և դրանց չմարումը որևէ առնչություն չունի «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին տրամադրված թռիչքների իրականացման թույլտվությունների հետ, առավել ևս անհեթեթ է այն միտքը, թե՝ քանի որ թռիչքների իրականացման թույլտվությունը հատկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ապա այն կիսում է պարտքերի մարման պատասխանատվությունը: Կրկին անգամ հայտնում եմ, որ «Արմավիայի» ֆինանսատնտեսական գործունեության պատասխանատվությունը չի կարող կրել ոչ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոչ կառավարությունը, և ոչ էլ պետությունը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս