Մաքսային միությանը Հայաստանի միանալու պլանը հաշվի է առնում Ղարաբաղի հարցը. Սլուցկի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը խոչընդոտ չի հանդիսանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու համար, սակայն այդ գործոնը պետք է հաշվի առնել: Այս մասին այսօր հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին.

«Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չի հանդիսանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու համար: Այնուամենայնիվ, անկասկած է, որ այդ գործոնը հաշվի է առնվելու թե՛ Հայաստանի ղեկավարության, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, թե՛ նրանց կողմից, ովքեր կապ ունեն եվրասիական շինարարության, այսինքն՝ մեզ հետ»:

Սլուցկին հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույնպես կարծում է, որ պետք է հաշվի առնել այդ գործոնը. «Մեծապես ցավալի է, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի համար գտնվում են ձգձգվող հակամարտության մեջ, սակայն պետք չէ դրանից խնդիր սարքել:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու և Հայաստանի մաքսային սահմանի ձևավորման «ճանապարհային քարտեզը» անկասկած ձևավորվում է ղարաբաղյան գործոնի հաշվի առնմամբ, և մենք գիտենք, որ այսօր Հայաստանը և Մաքսային միության մնացյալ երկրները չունեն ընդհանուր սահման, սակայն դա խոչընդոտ չէ»:

Սլուցկին բերել է Հունաստանի օրինակը, որը, նրա խոսքերով, նախքան ԵՄ-ին Բուլղարիայի միանալը, բազում տարիներ ընդհանուր սահման չի ունեցել ԵՄ-ի մնացյալ տիրույթի հետ, և տնտեսական տեսանկյունից որևէ սարսափելի բան տեղի չի ունեցել:

Սլուցկին խոսքը եզրափակելիս ընդգծել է, որ պետք չէ Ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկել որպես խոչընդոտ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու համար. «Այն չի հանդիսանում այդպիսին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու հետ: 

Տեսանյութեր

Լրահոս