
Գարիբաշվիլին հաստատել է, որ գլխավոր դատախազն ունի դատվածություն

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն իսկապես ունի դատվածություն, սակայն այդ թեմայով բարձրացված աժիոտաժը չափազանցված է:
Գարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում իր աշխատանքային առաջին օրը՝ նոյեմբերի 21-ին, ստորագրել է գլխավոր դատախազի պաշտոնում Պարցխալաձեի նշանակման մասին հրամանը: Մինչ այդ Պարցխալաձեն Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության պետն էր:
Գարիբաշվիլին հայտարարել է. «Պարցխալաձեն ունի դատվածություն և նա ազատազրկում է կրել Գերմանիայում, սակայն այն աժիոտաժը, որը բարձրացվել է Պարցխալաձեի շուրջ, չափազանցված է»:
Պարցխվալաձեի դատվածության մասին երկուշաբթի բարձրաձայնել էր Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: