Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում

2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երևան և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Yerkir.am» լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ բռնության սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում մասնավորապես նշվում էր, որ Խ. Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ին սպառնալիքներ է հնչեցրել Զ. Փոստանջյանի հասցեին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է պատասխանատվություն: Հոկտեմբերի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել դիմում-բողոք խնդրանքով վերացնել Մ. Բաբայանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազը նույնպես բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու համար: Քրեական գործի հարուցումը մերժվել է, ներկայացվել է հետևյալ պատճառաբանությունը` «հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշը սպառնալիքի իրական լինելն է: Այն իրական է համարվում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում անհանգստանալու, վախենալու դրա իրականացումից: Սպառնալիքի իրական լինելը որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով»:

Գործի ամբողջական դատական նախապատմությունը ներկայացնելով՝ դիմումատուն խնդրել է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Դիմումն ամբողջությամ կարող եք տեսնել այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս