
Սևան Նշանյանը հանձնվել է թուրքական դատախազությանը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը հաստատել է երկու տարով պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանին ազատազրկելը՝ կապված Շիրինջեում «ապօրինի շինարարություն» ծավալելու հետ, ինչից հետո Նշանյանը երեկ հանձնվել է:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նշանյանը նշել է, որ հանձնվել է և երկու տարով ազատազրկում է կրելու. «Այսօր (երեկ) պաշտոնապես հանձնվեցի Սելչուկի դատախազությանը: Հունվարի 2-ին կմտնեմ Թորբալըի բանտ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ երկու տարին ես պետք է ամբողջովին անցկացնե՞մ այդ բանտում, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սևան Նշանյանին «ապօրինի շինարարություն ծավալելու» մեղադրանքով դատապարտել էին 4 տարվա ազատազրկման, իսկ դրանից առաջ էլ «Մուհամմեդ մարգարեին վիրավորելու» մեղադրանքով դատապարտել էին 13.5 ամսվա ազատազրկման: