
Wikipedia-ն հեղինակներին սևագրեր ստեղծելու հնարավորություն է տվել

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Wikipedia ինտերնետային հանրագիտարանի կազմմանը մասնակցող օգտատերերը հնարավորություն են ստացել ստեղծելու հոդվածների սևագրեր: Այս մասին նշված է Wikipedia-ի պաշտոնական բլոգում:
Wikipedia-ի ներկայացուցիչների խոսքերով՝ այժմ հոդվածի հրապարակումից առաջ այն կարելի կլինի խմբագրել սևագիր տարբերակում, որը չի երևա կայքում: Հրապարակված հոդվածից այդ նյութը կտարբերվի սկզբնամասում Draft (սևագիր) բառի առկայությամբ:
Առաջին փուլում այս նոր գործառույթի ներդրումը մատչելի կլինի միայն ինտերնետային հանրագիտարանի անգլալեզու տարբերակի օգտատերերի համար: Wikipedia-ի ադմինիստրատորները հայտարարել են, որ սևագրերը հեղինակներին ավելի շատ ժամանակ կտա՝ լրամշակելու համար իրենց իսկ ընտրած թեմաները:
Wikipedia ինտերնետային հանրագիտարանը գործարկվել է 2001 թվականին: Դրա անգլալեզու տարբերակը պարունակում է ավելի քան 4 միլիոն հոդված, իսկ ռուսալեզու տարբերակը՝ մեկ միլիոնից քիչ ավելի հոդված: