Թուրքիան TANAP գազատարի նախագծում իր բաժնեմասը հասցնելու է 30 տոկոսի
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Բաքվում «Շահ Դենիզ 2» նախագծի շուրջ 30 միլիարդ դոլարանոց գործարքի կնքումից հետո Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պլանավորել են «Անդրանատոլիական» գազատարում (TANAP) իրենց մասնաբաժինը հասցնել մինչև 30 տոկոսի:
Ներկա դրությամբ TANAP-ում թուրքական մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ ադրբեջանականը՝ 80 տոկոս: Ադրբեջանական SOCAR-ին է բաժին ընկել 80 տոկոսը, իսկ մնացյալը՝ թուրքական BOTAŞ (15 տոկոս) և TPAO (5 տոկոս) ընկերություններին: Այժմ պատրաստվում են TANAP-ում թուրքական մասնաբաժինը 30 տոկոսը հասցնելու մասին փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն այս քայլին (նախագծում թուրքական մասնաբաժնի մեծացմանը) է գնացել այն բանից հետո, ինչ նորվեգական Statoil և ֆրանսիական Total ընկերությունները չցանկացան գնել SOCAR-ի բաժնեմասի մի մասը՝ կապված խողովակաշարի նախագծի իրագործման բարձր գնի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե թուրքական կողմը ցանկացել է TANAP գազատարի նախագծում ստանալ 50 տոկոսանոց մասնաբաժին, սակայն ադրբեջանական կողմը մերժել է նրան: