
Դադարեցվել են Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները դադարեցնելու մասին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
«Կառավարության ճնշումն արեց իր գործը, ընտրված քաղաքապետը պաշտոնանկ է արվում»,-հայտարարել է Ուգուլավան այն բանից հետո, երբ նրան գիշերը ժամը 1-ին հայտնել են լիազրությունների դադարեցման մասին:
Դատախազ Իրակլի Նադիրաշվիլին անդրադառնալով դատարանի որոշմանը` նշել է, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու միջնորդության մասին հանրությանը կտեղեկացվի ավելի ուշ:
Նշենք, որ Գիգի Ուգուլավային կալանավորելու միջնորդությամբ Թբիլիսիի քաղաքային դատարան էր դիմել Վրաստանի գլխավոր դատախազությունը` պահանջելով նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Դատախազությունը նրան առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների վատնման մեղադրանք էր ներկայացրել: