«Գազպրոմին» գերի հանձնվելը հետաձգվեց երեք օրով
Կառավարությունը երեկ ԱԺ արտահերթ նստաշրջան էր հրավիրել Ռուսաստանի կառավարության հետ ստորագրած` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագիրը վավերացնելու համար:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 6 հարցեր, բայց դրանք չորրորդական նշանակության են. կառավարության համար սկզբունքայինն այս համաձայնագրի վավերացումն էր: Այն այնքան կարևոր էր, որ խորհրդարանում առավոտյան որոշում կայացվեց, որ նիստը պետք է լինի առանց ընդմիջումների և տևի մինչև ժամը 20:00-ն: Այսինքն` պատգամավորները պետք է մնան Նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ չեն վավերացրել համաձայնագիրը: Տպավորություն կար, որ Հայաստանի իշխանությունը պարտավորություն է ստանձնել դեկտեմբերի 20-ին, մինչև օրվա վերջ վավերացնել այս համաձայնագիրը. այլ կերպ նման աննախադեպ շտապողականությունը դժվար է բացատրել:
Չնայած ձեռնարկված աննախադեպ միջոցառումներին` խորհրդարանը համաձայնագիրը չկարողացավ վավերացնել, և ստիպված արտահերթ նստաշրջանը պետք է շարունակվի դեկտեմբերի 23-ին: ՀՀԿ-ական մեծամասնությունը մտահոգություն ուներ, որ քվեարկությունը կարող է տապալվել` դահլիճում բավարար թվով ՀՀԿ-ականների բացակայության պատճառով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա ժամը 15:00-ին: Մտածում էին, որ երեք ժամում կհասցնեն ավարտել քննարկումը, հետո այն տեղափոխվեց ժամը 18:00-ին, այդ ժամանակ էլ պարզվեց, որ ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների թիվը բավարար չէ քվորում ապահովելու համար: ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայտարարել էին դեմ քվեարկելու մասին:
Եթե նրանք իսկապես դեմ քվեարկեին, ապա քվորում կլիներ, և համաձայնագիրը կվավերացվեր: Սակայն ՀՀԿ-ականները չցանկացան ռիսկի դիմել. իսկ եթե խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ ու չմասնակցեր քվեարկությանը. համաձայնագրի ընդունումը կտապալվեր, ինչը կարող էր ծանր անդրադառնալ մեծամասնության վրա: Իսկ թե ինչու բոլոր ՀՀԿ-ական պատգամավորներին հնարավոր չէր եղել հավաքել դահլիճում, այլ խնդիր է: Տեսակետ կա, որ նույնիսկ ՀՀԿ-ականներն են հասկանում այս պայմանագրի վտանգավորությունը, և նրանցից ոմանք չեն ցանկանում իրենց անունը կապել դրա վավերացման հետ: Դեկտեմբերի 23-ին բոլոր սկզբունքայինները ստիպված կլինեն կողմ քվեարկել գազային պայմանագրին:
Մինչև երեկվա նիստն այս համաձայնագրին տարբեր բնորոշումներ են տրվել` նվաստացուցիչ, ստորացուցիչ, կապիտուլյացիոն: Երեկվա քննարկման ժամանակ այս բնորոշումներին ավելացան նորերը: Օրինակ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այն անվանեց` «վասալային վեքսիլ», ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այն որակեց` «ստրկացուցիչ պայմաններում ստորագրված»: Մեկ այլ ՀՅԴ-ականի` Արմեն Ռուստամյանի կարծիքով` համաձայնագրում առկա են «ճչացող, աղաղակող խախտումներ», Նիկոլ Փաշինյանն այն բնորոշեց «Իշխանություն՝ գազի դիմաց» արտահայտությամբ:
Ընդհանրապես այս համաձայնագրի ի հայտ գալը պետք է բաժանել երկու մասի. առաջինն այն է, թե ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում առաջացավ նման համաձայնագրի ստեղծման անհրաժեշտություն, իսկ երկրորդը՝ թե ինչ հետևանքներ է ունենալու այս համաձայնագրի վավերացումն և գործունեությունն առաջիկա 30 տարիների ընթացքում, քանի որ հենց այդքան է համաձայնագրի գործողության ժամկետը:
2011թ. ապրիլից Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի գինը բարձրացրել է` 180-ից դարձնելով 240 դոլար, հետո այն բարձրացրել է ևս մեկ անգամ՝ դարձնելով 270 դոլար: Սակայն Հայաստանի իշխանությունը համաձայնության է եկել «Գազպրոմ» ընկերության հետ, որ «ՀայՌուսգազարդը» վճարի 180 դոլար, իսկ տարբերությունը կուտակվի` որպես պետական պարտք: Արդյունքում` Հայաստանի կառավարությունը «Գազպրոմի» նկատմամբ կուտակել է 300 մլն դոլարի հասնող պարտք, որի դիմաց պայմանավորվել է «Գազպրոմին» հանձնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում ունեցած իր 20 տոկոսանոց բաժնեմասը:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հարցին, թե կառավարության ո՞ր որոշմամբ է տեղի ունեցել պարտքի կուտակման գործարքը, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանում է, որ դա տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության արդյունքում: «Ստացվում է, որ ինչ-որ մարդկանց բանավոր պայմանավորվածության արդյունքում` Հայաստանը 300 մլն դոլարի պետական պարտք է կուտակել»,- արձանագրում է Գուրգեն Արսենյանը: Ըստ էության, սա գործող օրենսդրության կոպիտ խախտում է, քանի որ Հայաստանի կառավարությունը կարող է պետական պարտք վերցնել միայն ԱԺ համաձայնության դեպքում:
Մյուս խնդիրն այն է, որ «ՀայՌուսգազարդի» պետական 20 տոկոս բաժնեմասն ընդգրկված չի եղել սեփականաշնորհվող օբյեկտների և գույքի ցուցակում: Այդ պատճառով կառավարությունն իրավունք չուներ համաձայնագիր կնքել այն ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին: Ինչպես իրավացիորեն նկատում է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը` «Կառավարությունը կառավարում է պետական գույքը, և ոչ թե` տնօրինում»:
Իսկ այս համաձայնագրի ստորագրումը կառավարության կողմից պետական ունեցվածքի տնօրինման ակնհայտ դրսևորում է:
Մյուս կարևոր հարցը, որ առաջանում է այս համաձայնագրի ստորագրման առիթով, այն է, որ ըստ պատգամավորների` սա հերթական «Գույք` պարտքի դիմաց» գործարքն է: Ֆորմալ առումով կառավարությունը «ՀայՌուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը վաճառում է «Գազպրոմ» ընկերությանը: «Գազպրոմը» գումարը փոխանցում է կառավարությանը, հետո այդ գումարը կառավարությունը հետ է ուղարկում «Գազպրոմին»` որպես «ՀայՌուսգազարդի» կուտակած պարտքի վճարում:
Բայց սա` միայն ֆորմալ առումով. իրականում Հայաստանի կառավարությունը 20 տոկոս բաժնեմասով փակում է այդ պարտքը, և վերջ: Եթե սա վաճառք է, ապա տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ չհայտարարվեց այդ վաճառքի մասին. միգուցե կգտնվեին գնորդներ, ովքեր «Գազպրոմի» վճարելիք 63 միլիարդի փոխարեն` պատրաստ էին այդ 20 տոկոսը գնել 250 միլիարդով: Մանավանդ որ, անգամ Արմեն Մովսիսյանն է ընդունում, որ «ՀայՌուսգազարդի» մասնագիտական գնահատում չի արվել. 20 տոկոսի գինը հաշվարկվել է շատ մոտավորապես, այնպես, ինչպես որևէ մեքենայի սեփականատեր իր մեքենան գնահատելով` կարող է այն պարտքի դիմաց հանձնել ինչ-որ մեկին:
Մյուս խնդիրը, որ մտահոգում է պատգամավորներին, այս համաձայնագրի այն դրույթներն են, որոնք սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ նման համաձայնագիր վավերացնելով` Հայաստանի ապագա 6 նախագահները և ապագա 6 գումարման Ազգային ժողովները զրկվում են որևէ օրենք ընդունելու կամ հրամանագիր ստորագրելու հնարավորությունից, որով որևէ կերպ կսահմանափակեն «Գազպրոմի» իրավունքները: Եթե նույնիսկ իշխանությունը որոշի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, դրանք «Գազպրոմի» վրա չեն տարածվելու: Մինչդեռ «Գազպրոմն» ունի հնարավորություն` ամեն տարի բարձրացնելու գազի սակագինը: Գազի գինը սահմանին առաջիկա հինգ տարիների համար սահմանված է 189 դոլար: Բայց այդ գնին գումարվում են «ՀայՌուսգազարդի» կատարած ծախսերը. տեղափոխում, բաշխում, համակարգի սպասարկում, ներդրումներ, աշխատավարձ:
Վերջինիս մասով պատգամավորները նշում էին, որ, օրինակ, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները պետք է ստանան «Գազպրոմի» աշխատակիցների աշխատավարձին համադրելի աշխատավարձ:
Իսկ այդ աշխատավարձը ներառվում է գազի գնի մեջ: Այնպես որ, եթե գազի գնի իջեցումը բացառվում է, ապա դրա բարձրացումը միանգամայն կանխատեսելի է: Պատգամավորների համար մտահոգության առարկա էր նաև այն, որ «Գազպրոմը» կարող է «ՀայՌուսգազարդը» կամ դրա ինչ-որ մասը վաճառել ադրբեջանական կամ թուրքական ընկերություններին:
Նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորներն էին ընդունում, որ այս համաձայնագրի մեջ կան դրույթներ, որոնք «ոչ այնքան ճշգրիտ են ձևակերպված»: Օրինակ` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին մտահոգում էր այն հանգամանքը, որ այդ համաձայնագիրը սահմանափակում է Հայաստանի խորհրդարանի՝ օրենքներ ընդունելու կամ նախագահի հրամանագրեր ստորագրելու իրավունքը, որ, ըստ Դավիթ Հարությունյանի` «Հայաստանի ինքնիշխանության տարրերն են»:
Եթե բոլոր պատգամավորները բացատրում էին, թե որքան վտանգներ է պարունակում այս համաձայնագիրն իրավական առումով, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է այն պետք Ռուսաստանին և ինչ աշխարհաքաղաքական վտանգներ է պարունակում:
Ըստ Փաշինյանի` Ռուսաստանին պետք է 100 տոկոսով տիրանալ Հայաստանի գազաբաշխման համակարգին, քանի որ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը տանում է նրան, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են մեղմացվել, և այդ դեպքում Արևմուտքը կարիք կունենա իրանական գազի համար Թուրքիան և Ռուսաստանը շրջանցող գազատար կառուցել դեպի Եվրոպա: Այդ գազամուղը կարող է անցնել Հայաստանի և Վրաստանի տարածքով, և դրան դեմ են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, ովքեր նման գազային այլընտրանքն ուղղակի վտանգ են համարում իրենց տնտեսական և աշխարհաքաղաքական շահերին: Ըստ Փաշինյանի, այդ տրանզիտի դեպքում Հայաստանն այնքան շահաբաժին կունենա, որ գազը հայ սպառողները կարող են ստանալ անվճար, կամ առնվազն` գործող սակագնից երեք անգամ էժան:
Նա հիշեցրեց, որ այսօր էլ Իրանից Հայաստան մատակարարվող գազը, ըստ ՊԵԿ փաստաթղթերի, 8 դոլարով էժան է ռուսական գազից.181 դոլար` ռուսական 189 դոլարի դիմաց:
Բոլոր այս փաստարկներին ՀՀԿ-ական պատգամավորները պատասխանում էին հայ-ռուսական ռազմավարական համագործակցության, տարածաշրջանում ամենաէժան գազը գնելու բացառիկ հնարավորության մասին հայտարարություններով: Այս առիթով տեղին է հիշեցնել, որ թեև Վրաստանը և Ադրբեջանը միևնույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ չեն, որ նրանք միևնույն մաքսային տարածքում չեն, բայց ադրբեջանական գազը վրացական սպառողներին վաճառվում է 25 տոկոսով պակաս գնով: Ի դեպ, Վրաստանում վաճառվող գազի կալորիականությունն էլ ավելի բարձր է, քան ռուսական գազինը:
Իսկ թե ռուսական մի ընկերությունը մյուսին ինչ գնով գազ կվաճառի, դա այլևս Հայաստանի իշխանությանը շատ քիչ պետք է հետաքրքրի. քանի որ կարող է պարզվել, որ տարածաշրջանի աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրում գազը վաճառվում է տարածաշրջանում ամենաբարձր գնով: Պատգամավորները հենց այդ հանգամանքով են բացատրում նաև այն 150 միլիոն դոլարի «զեղչը», որը «Գազպրոմն» անում է Հայաստանին: Ըստ պատգամավորների` «Գազպրոմը» Հայաստանում գազը վաճառելու այնպիսի սակագին է ստացել, որ կարող է ընդամենը մեկ տարվա ընթացքում հետ բերել իր այդ կորուստը: