
«Ժողովուրդն ասում է՝ այնտեղ քյանդրբազություն մի արա, որովհետև այն մայլեն, որտեղ անում ես, վտանգավոր է՝ քեզ կգցեն»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի առքուվաճառքի նմանեցրեց «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղին: Ըստ նրա՝ խաղի մասնակիցը՝ հնչեցրած հարցի պատասխանը չունենալու դեպքում երեք հնարավորություն ունի. «Առաջինը՝ զանգ ընկերոջն էր: Հիմա երբ մեր կառավարությունն իմացել է թանկացման մասին, զանգել է «Գազպրոմին» ու ասել՝ օգնիր մեզ լուծենք այս խնդիրը: Հետո պետք է օգտվես մյուս հնարավորությունից, դա հիսուն-հիսունն է. 300 միլիոն դոլարը կիսելու հնարավորությունն է: Երրորդ հնարավորությունը դահլիճի օգնությունն է, որը դուք եք: Բայց ես վստահ եմ, որ դահլիճի մեծամասնության տված պատասխանը լինելու է ի վնաս Հայաստանի: Մեր բանակցողները հեչ կապ չեն ունեցել Հայաստանի հետ, իրենք այդ բանակցությունների ընթացքում սպասարկել են «Գազպրոմի» շահերը՝ լրիվ անշահախնդիր»:
Պատգամավորը հիշեցրեց նաև ժողովրդական հայտնի թևավոր խոսքը «սատանի մայլում քյանդրբազություն չանելը», ապա շեշտեց. «Հո հայ ժողովուրդը չի՞ ասում՝ լարախաղացություն մի արա: Ինքն ասում է՝ այնտեղ մի արա, որովհետև այն մայլեն, որտեղ անում ես, վտանգավոր է՝ քեզ կգցեն»:
ԲՀԿ պատգամավորը նկատեց, որ եթե այսօր ԱԺ-ն վավերացնի այս պայմանագիրը, ապա դեկտեմբերի 20-ը կարելի է համարել որպես ՀՀ պատմության սև օր: Ըստ նրա, եթե «Գազպրոմին» տրվի նման արտոնություն, մնացած բոլոր ժողովուրդները կսկսեն ծիծաղել: