
Սպիտակ տունը հրաժարվել է «Մագնիտսկու ցուցակը» ընդլայնելուց. The Daily Beast

The Daily Beast ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հրաժարվել է ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը»: Դրանում ներառված են Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք Սպիտակ տան կարծիքով՝ մասնակից են իրավաբանի մահվանը:
Թե՛ Սպիտակ տանը, թե՛ Կոնգրեսում եղած աղբյուրները չեն հաստատել, որ մոտ ժամանակներս ընդլայնվելու է «Մագնիտսկու ցուցակը»: Պետդեպարտամենտն իր հերթին հրաժարվել է մեկնաբանություն տալ տվյալ խնդրի շուրջ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Քեյթլին Հայդենը պարբերականին հայտնել է, որ ընդհանրապես պլանավորված է այդ ցուցակում ընգրկել նոր անուններ: Հայդենը, սակայն, չի հայտնել, թե դա երբ տեղի կունենա:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե եվրոպական «Մագնիտսկու ցուցակը» կարող է հայտնվել 2014 թվականին: Սերգեյ Մագնիստկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում:
Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը: Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը: