Կառավարությունը ԲՀԿ-ական պատգամավորի նախաձեռնություններից մեկին հավանություն տվեց, մյուսի վերաբերյալ արեց հանդիպակաց առաջարկություններ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով առաջարկվող օրինագիծը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև: Ըստ կառավարության եզրակացության, նախագիծն առավելապես ունի հռչակագրային և ծրագրային բնույթ, հստակ չէ դրա կարգավորման առարկան, այն չի բովանդակում արդյունաբերական քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմներ: Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագիծը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի նախագծի լրամշակման հարցում համագործակցել հեղինակի հետ: Նույնաբովանդակ եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է պետտուրքը սահմանված ժամկետում չգանձելու և սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը օրական 0.5 տոկոսի փոխարեն սահմանել 0.15 տոկոսի չափով: Ընդունելի համարելով այս առաջարկը, գործադիրը ոչ նպատակահարմար է համարել մյուսները և արել հանդիպակաց առաջարկներ: