Ճնշում կգործադրվի՞ ՍԴ-ի վրա (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը դեմ քաղաքացիներն ու խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան: Նրանք ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հանձնեցին դիմում-բողոք` պահանջելով հակասահմանդրական ճանաչել ընդունված օրենքը, որը գործելու է հունավրի 1-ից:

«Հայտարարությունը հանձնվեց ինձ, երեկ ժամը 16:.00-ին ԱԺ պատգամավորների դիմումն էլ մենք ստացել ենք: Սահմանված կարգով հարցը քննության ընդունելու հանգամանքն այժմ ուսումնասիրվում է»,- հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հույս հայտնեց, որ ՍԴ-ն որոշում կկայացնի առանց հրահանգների: «Հույս ունենաք, որ Սահմանադրական դատարանի համար որևէ մակարդակով արված մեսիջ, հրահանգ չի լինի և Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշեց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք այս անգամ էլ ՍԴ-ն ավանդության համաձայն կմերժի դիմումը, ՍԴ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Դիմումը դեռ քննության չի տրված, այսօր է հանձնվել… հիմա ես եմ Ձեզ հարց տալիս` երկու տարի է օրենքը գործում է,  ինչո՞ւ մինչև հիմա շնորհքով, ժամկետներում չեն բերել: Ես այդպիսի հարցի պատասխան չեմ կարող տալ, որովհետև Սահմանդրական դատարանը գործում է օրենքով` այս պահին ևս, սահմանված ժամկետում, օրենքով ՍԴ-ն կգործի»:

Կարդացեք նաև

Ճշտող հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ճնշում կգործադրվի ՍԴ-ի վրա, Առուշան Հակոբյանն այսպես պատասխանեց. «Առ այսօր ես տեղյակ չեմ` ի՞նչ ճնշման մասին է խոսքը»:

Նա նշեց, որ ՍԴ-ն օրենքով սահմանված կարգով, իր լիազորությունների շրջանակներում քննության կառնի դիմումը, տրված հայտարարությունը, ապա կտա պատասխան:

Տեսանյութեր

Լրահոս