
Քերած ասֆալտի «գաղտնիքը»

Պարզվում է՝ փողոցներից քերվող ասֆալտը ոչ միայն վերամշակվում և կրկին վերածվում է «թափ թազա» ասֆալտի, որով վերանորոգվում են մայրաքաղաքի և մարզերի փողոցները, այլև կիրառման ավելի պարզ ձև ունի։
Այդ մասին 168.am-ի թղթակցին տեղեկացրել է տաքսու վարորդներից մեկը։ Վերջինս պատմել է, որ իր ընկերը՝ նույնպես տաքսու վարորդ, Մարտունուց Երևան ուղևոր է բերել, և մեքենան այնպես է «սևացել», որ ավտոլվացման կետի աշխատողը կրկնակի գումար է պահանջել այն լվանալու համար։
Հարցին, թե ձյունոտ ճանապարհին մեքենան ինչու պետք է սևանա, վարորդը պատասխանել է՝ թե՝ բա չգիտեի՞ք, որ աղ ու ավազի փոխարեն որոշ հնարամիտ պաշտոնյաներ ճանապարհների վրա քերած ասֆալտ են շաղ տալիս։ Իսկ դա օգնո՞ւմ է։ «Օգնելը չգիտեմ, բայց մեքենան այնպես է փչացնում, որ նույնն է, թե թեթև վթարի ենթարկվես»,- ասել է զրուցակիցը։