ԱՄՆ կոնգրեսի դիտարկմանն է ներկայացվել 416d65726963612043616e20436f646520 խորագրով օրինագիծը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Կարդենասը Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել 416d65726963612043616e20436f646520 խորագրով օրինագիծը: Նախագծի անվանումը նշված է ծածկագրով և վերծանվում է որպես America Can Code («Ամերիկան կարող է կոդավորել»):
Օրինագծում առաջարկվում է ծրագրավորման լեզուները հավասարեցնել կարևոր օտար լեզուներին և դպրոցներում «զրոյական» դասարանից մտցնել դրանց ուսուցում, որտեղ սովորում են 5-6 տարեկան երեխաները: Քաղաքական գործիչը չի մանրամասնել, թե կոնկրետ որ լեզուների մասին է խոսքը:
Կարդենասը նաև կոչ է արել բարձրացնել գիտա-տեխնիկական կարգապահության դասավանդման որակը, նախաձեռնությանն աջակցող տեղական կրթության գործակալությունների համար սահմանել դրամաշնորհներ և կրթության նախարարությունում հիմնել ծրագրավորման ուսուցման հարցերով աշխատանքային խումբ:
Կարդենասը ծրագրավորման լեզուներ սովորելու անհրաժեշտությունը բացատրել է ժամանակի պահանջներով. «Անգամ օրինագծի անվանումն ի ցույց է դնում, որ ծրարավորման լեզուն պարզապես այլ լեզու է: Ծրագրավորման լեզուն չափազանց կարևոր է ժամանակակից համաշխարհային տնտեսության համար:
ԱՄՆ IT ինդուստրիայում աշխատատեղերի քանակն աճում է երկու անգամ ավելի արագ, քան՝ մյուս ոլորտներում: 2020 թվականի դրությամբ ԱՄՆ-ում կզգացվի ծրագրավորողների պակաս, քանի որ աշխատատեղերի քանակը կազմելու է 1.4 միլիոն, մինչդեռ տվյալ մասնագիտութամբ բուհերի շրջանավարտների քանակը կազմելու է միայն 400.000»: