Ահա այսպիսի կալամբուր. Ն. Զոհրաբյանը՝ վարչապետի ելույթի մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե 2014թ. ներդրվող ռեֆորմները որակապես նոր միջավայր են ձևավորում, որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է լինելու իր որոշումների համար: «Եվ դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի ուժեղանալու է այս տարիների ընթացքում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս համոզմանը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այն նմանեցրեց վարչապետի մեկ այլ անկեղծ հայտարությանը. «Սա նման է ձեր թերթին ասած նրա այն հայտարարությանը արտագաղթի մասին, որտեղ նա ասել էր` արտագաղթ չլինի`  մնան հեղափոխություն անե՞ն: Տիգրան Սարգսյանի ասածն այն էր, թե մենք էնպիսի հակաժողովրդավարական «ռեֆորմներ» ենք անում, որ օբյեկտիվորեն առաջացնում ենք ժողովրդի ցասումը, զայրույթը, որի արդյունքում ձևավորվում ենք բողոքավոր ընտրազանգված, քաղաքացիական հասարակություն:

Ուզում են ասել, թե այդ «ռեֆորմներով» ձեզ էնքան կճնշենք, որ Հայաստանում ճարահատյալ կձևավորվի իր իրավունքների համար պայքարող քաղաքացիական հասարակություն: Նրա միտքը միայն այս կերպ կարելի է վերծանել: Տ. Սարգսյանի ասածն այս էր` մենք վատ բան ենք անում այս «ռեֆորմներով», բայց մեր վատ քայլի նպատակը բարի է, որ դուք ընդվզեք և պայքարեք ձեր իրավունքների համար: Նրա ասածն այն է, որ մենք ձեզ էնքան պիտի ճնշենք մեր հակաժողովրդավարական ռեֆորմներով, որ ձեր մեջ վերջապես զարթնի քաղաքացու իրավագիտակցությունը: Ահա այսպիսի կալամբուր»:

2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում քննադատություններ, մեղադրանքներ հնչեցին Տիգրան Սարգսյանի, կառավարության հասցեին: ԲՀԿ-ն ևս հանդես եկավ նման քննադատություններով: Հետաքրքրվեցինք, թե Տիգրան Սարգսյանի ելույթից Նաիրա Զոհրաբյանը ստացա՞վ որևէ պատասխան այս օրերին ԱԺ-ում հնչեցրած իր քննադատությունների դիմաց:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե վարչապետի ելույթն ամբողջությամբ չի լսել, թեպետ ողջ ընթացքում դահլիճում ներկա է եղել: «Շատ անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ես համակ ուշադրությամբ չեմ հետևել վարչապետի ելույթին, որովհետև նրա հնչեցրած թեզերը, ըստ էության, որևէ պոզիտիվ հետևանք Հայաստանի տնտեսության ու քաղաքացու համար չեն ունեցել: Ուստի ես հատուկ ջանք չեմ գործադրել՝ հետևելու նրա ելույթին»,- պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ճշտող հարցին, թե վարչապետի ելույթը ձանձրալի՞ էր Ձեզ համար, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Ինձ հետաքրքրում են այն ելույթները, որտեղ ոչ թե իմիտացիա ու բառախաղ է, այլ` կա կոնկրետ ծրագիր, կոնկրետ առաջարկ, կոնկրետ լուծում, և տեսնում ես, որ ահա՛ այս առաջարկը բերել է այս լուծմանը, այս ծրագիրը հանգեցրել է այս դրական փոփոխությանը, և այլն: Քանի որ ինձ համար ակնհայտ էր, որ Տ. Սարգսյանի այս ելույթն էլ որևէ բանով չի տարբերվելու նախորդ տարիներին այս ամբիոնում նույն անձի կողմից հնչեցված ելույթներից, ուստի ես չեմ հետևել դրան` ներկա լինելով դահլիճում»:

Տեսանյութեր

Լրահոս