Դանիան կարող է վաճառքի հանել մի շարք կղզիներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դանիան, որը բաղկացած է ավելի քան 400 կղզուց, կարող է վաճառքի հանել մի քանի կղզի՝ դրանով իսկ հարստացնելով պետական գանձարանը:
Տարեցտարի կրճատվում է կղզիների բնակչության քանակը, իսկ մնացյալի համար աճում են կոմունալ ծառայությունների ծախսերը: Օրինակ Օլբորգից ոչ հեռու ընկած Էգհոլմ փոքր կղզու յուրաքանչյուր բնակիչը տեղական բյուջեի համար արժենում է տարեկան 143.000 կրոն (26.000 դոլար):
Դրա հետ կապված՝ Օլբորգի համալսարանի ներկայացուցիչ, հետազոտող Յորգեն Մելերը հայտարարել է, որ իր փորձագիտական գնահատականի համաձայն, անհրաժեշտ է փակել մի շարք կղզիներ, քանի որ դրանք չունեն ապագա, իսկ այդ կերպ տնտեսած գումարներն ուղղել այլ կղզիներում նոր կյանք սկսելուն, որոնցում այն դեռ հնարավոր է պահպանել:
Դանիայում հաշվվում է 27 ոչ մեծ կղզի, որոնց բնակչությունն անընդհատ նվազում է: Ներկա դրությամբ դրանցում ապրում է ընդհանուր առմամբ 4600 մարդ: Պետությունը տարեկան դրանց ղեկավարման մարմիններին հատկացնում է 15 միլիոն կրոն (2.7 միլիոն դոլար):
Մելերը հավելել է, որ տնտեսական տրամաբանությունը պահանջում է մշտական բնակության համար փակել դրանց մի մասը՝ ընդգծելով, որ իրենք կոչ չեն անում վերաբնակեցնել մարդկանց և խլել նրանց տները: Մելերը կարծում է, որ իշխանությունները կղզիաբնակների տները գնելու այնպիսի առաջարկ պետք է անեն, որից նրանք չեն կարողանա հրաժարվել: