Ադրբեջանում դատապարտել են ժողովրդական հուզումների մեղավորներին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շեկիի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը երեկ հրապարակել է Ադրբեջանի կենտրոնական հատվածում գտնվող Իսմայիլիի շրջանի զանգվածային անկարգությունների դրդիչների դատավճիռը:
Մեղադրյալներից մեկը՝ տեղի «Չըրաղ» հյուրանոցի ադմինիստրատոր Էմիլ Շամսադդինովը, դատապարտվել է 9.5 տարի ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վտանգավոր եղանակով մարմնական վնասվածքներ պատճառելու, խուլիգանության ու ոստիկանությանը դիմադրելու մեջ:
Երկրորդ մեղադրյալը Շամսադդինովի ընկեր Էլմադդին Մամեդովն է, որին մեղավոր են ճանաչել խուլիգանության ու իրավապահներին դիմադրելու մեջ և դատապարտել են 3 տարի ազատազրկման: Երկու դատապարտյալներն էլ բողոքարկել են դատավճիռը:
Այս տարվա հունվարի վերջերին Իսմայիլիում գրանցված բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 13 ոստիկան: Պետությանը պատճառվել է 474.000 մանաթի (1 մանաթը համարժեք է 1 եվրոյի) վնաս: