Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը։ Պաշտպանը բողոքարկել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Շ. Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժական հիվանդանոց՝ փորձաքննության ենթարկվելու։ Ի.Պետրոսյանը դատական նիստի ավարտից հետո ասաց, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պահանջել է դատարանից ճանաչել Շ. Հարությունյանի իրավունքի խախտումը։ Նա նշեց, որ դատարանը հրապարակել է իր որոշման միայն եզրափակիչ մասը։ Հետևաբար, ինքը չի կարող ասել՝ ի՞նչ պատճառաբանություններով է վերաքննիչ դատարանը մերժել իր բողոքը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Շ. Հարությունյանը տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, իսկ դեկտեմբերի 10-ին նորից ետ էր վերադարձվել Երևան-Կենտրոն ՔԿՀ։ Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանում ներկա են եղել միայն դատավոր Գագիկ Ավետիսյանը և Ինեսսա Պետրոսյանը։ Ոչ քննիչը, ոչ էլ դատախազը դատարան չէին ներկայացել։
Մանրամասները՝ շուտով
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի



