Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլդր դրամ. Հովհաննիսյանը՝ Վարդևանյանին

Պետական պարտքի տոկոսների սպասարկման համար 2027թ-ին նախատեսվում է հատկացնել 410 մլրդ-ի կարգի գումար։ Այս մասին ԱԺ-ում 2027 թ-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանի հարցին։

Ի պատասխան՝ Վարդևանյանի դիտարկմանը, թե այս բյուջեն չի հանդիսանում դասական իմաստով մեր հասարակության բարեկեցության բյուջե՝ Հովհաննիսյանն ասաց, որ սրանով իրենք էական հարցեր են լուծում։ «Թոշակների բարձրացումը բարեկեցության մասին չէ՞, առողջապահության համընդհանուր ապահովագրությունը բարեկեցության մասին չէ՞, կամ ենթակառուցվածքների զարգացումը, որից օգտվում են քաղաքացիների զգալի մասը՝ բարեկողության մասին չէ»,-ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ կառավարության պարտքը այս տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 51 մլրդ դրամով, ընդ որում՝ արտաքին պարտքը այդ ընթացքում նվազել է։ «Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք պարտքի կառավարաման իմաստով՝ մեր նպատակադրումներին համահունչ է, որ մեր ծախսերը պարտքի սպասարկման համար մինչև 2031 թ-ը լինեն 10 տոկոսից ցածր։ Այս տարի դա կլինի մոտ 11.5 տոկոսի մակարդակում»։

Արամ Վարդևանյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե 410 մլրդ դրամի մասին է, այլ 416 մլրդ դրամի մասին է, որը բացառապես տոկոսի սպասարկմանն է ուղղվում։ «416 մլրդ դրամը 1 մլրդ 100 մլն դոլարն է։ Ընդ որում՝ եթե այդ թիվը այդքան չլիներ, այլ պահպանվեր 2025-ի ցուցանիշը՝ կարելի էր 10 000 դրամով կենսաթոշակ բարձրացնել, նվազագույն ամսական աշխատավարձ բարձրացնել, կարելի էր իրական բարեկեցությանն ուղղված միջոցառումներ իրականացնել։

Ինչի՞ համար է այսքան բարձր այս թիվը, միջազգային կազմակերպություննե՞րն են բարձր տոկոսով փող տալիս, թե պարտատոմսերի տոկոսն է բարձր»:

Հովհաննիսյանն ասաց, որ բացարձակ թիվը խոսուն չէ, խոսուն է այն թիվը, թե մեր եկամուտների համեմատ՝ այդ թիվը ինչ ցուցանիշ է կազմում։ «Վերջին շրջանում այդ թիվն ավելացել է, որովհետև 2020 թ-ից հետո ամբողջ աշխարհում պարտքի տոկոսները բարձրացել են։ Եթե օրինակ 2020 թ-ից առաջ ամերիկյան պարտատոմսերի համար ունեինք 0-ական տոկոսոդրույք, հիմա դրա տոկոսադրույքը հասնում է մինչև 4-5 տոկոսի։

Մենք նաև ավելացրել ենք հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը, որը ավելի բարձր տոկոս ունի, քան միջազգայինը։ Առաջիկայում մենք նպատակ ունենք դեֆիցիտի նվազեցման արդյունքում նվազեցնել նաև պարտքի սպասարկման գումարները մեր եկամուտների մեջ»,-հայտնեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30