«Բայց ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել». Արամ Հարությունյանը՝ պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում քննադատություններ հնչեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից ներկայացված նախագծի առնչությամբ, որոնք հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորների կողմից արվեցին: Պատգամավորները «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ օրինագծի ընդունման դեպքում ձկան գնաճ կլինի: Սակայն նախարարը հավաստիացրեց, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Արամ Հարությունյանն ասաց, որ, եթե մենք համեմատում ենք Հայաստանի փորձը տարբեր երկրների հետ, ապա տեսնում ենք, որ այս երկրներն ավելի քիչ ստորգետնյա ջրեր օգտագործելով հանդերձ՝ ձկնաբուծության ոլորտում ավելի մեծ շահույթ են ստանում: «Ասում են՝ ձկան գինը տասն անգամ բարձրանում է, ես էլ ասում եմ, որ այս օրենքը վերաբերում է ձկան գնագոյացմանը, ձկան գինը չի բարձանում տասն անգամ, խոսքն ինքնարժեքի մասին է»: Ինչ վերաբերում է պատգամավորների հորդորներին՝ հարգանքով վերաբերվել խորհրդարանին, չօգտագործել այնպիսի արտահայտություններ,  ինչպիսին է «խորը մոլորությունը», ապա Ա. Հարությունյանն ասաց. «Ես չեմ ասել՝ իրավունք ունեք թե չունեք, դուք հարց եք տալիս, իսկ մենք էլ իրավունք ունենք պատասխանելու: Դուք ասում եք՝ copy paste եմ արել, կոնկրետ ասեք, որ հատվածի մասին է խոսքը: Դուք ժպտում եք, ինչպես երեկ էիք դա անում: Դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ընդունում եմ… Բայց ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ՝ չմոռանաք, էդ տունը նաև մերն է եղել մինչև Ձեր՝ այստեղ գալը, մենք էլ ենք այստեղ աշխատել, էդ դեպքում ես ձեզ ասեմ… Ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել, այն էլ՝ մեծամասնական կարգով… Ես պատրաստ եմ, պատրաստ եմ հարգելու, ընդունելու, նույնիսկ պատրաստ եմ այս ամբիոնից, եթե որևէ մեկին, ընդհուպ ձեզ, ձեզ, հարգելի պատգամավորներ, որևիցե մեկին եթե ինչ-որ ձևով իմ գործողություններով, արտահայտություններով կամ իմ ներկայացմամբ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, ես նպատակ չեմ ունեցել ձեզ վիրավորելու, մեր նպատակը միայն եղել է այն, որ ճիշտ ներկայացնենք, ստանանք այն արդյունքը, որ մեզ հնարավորություն է ընձեռվում: Կխնդրեի ընդունենք այս նախագիծը, որից հետո պատրաստ եմ ձեզ հետ քննարկել»:

 

Տեսանյութեր

Լրահոս