Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը կմիջնորդի նշանակել ևս մեկ դատահետքաբանական փորձաքննություն՝ արդեն լուսանկարներով
Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի՝ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենային բախման հետևանքով վերջինիս անվադողերից թողնված հետքի վերաբերյալ տուժող կողմը մտադիր է միջնորդել լուսանկարներով դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նշեց, որ փորձագետի, քննիչի, բաժնի պետի տեղակալի կարգավիճակում շուրջ 30 տարի զբաղվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով և որպես այդպիսին, իր գնահատմամբ, երբ որ բախումը տեղի է ունեցել, «ՆԻՎԱ»-ի հետնամասի դետալները սեղմվել են գետնին, որին հաջորդել է շպրտվելը, ու այս հետքերն արդեն սկսել են առաջանալ:
«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված», – ասել է տուժող կողմի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս հետքերի վերլուծությունը բավարար է, որպեսզի Վարդան Պետրոսյանն իր մեղքն ընդունի: Ռ.Բալոյանը հայտարարեց, որ եթե Վ.Պետրոսյանն ընդունի իր մեղքը՝ «մենք կարող ենք միջնորդությամբ հանդես չգալ»:
Արդեն տուժող կողմի միջնորդությամբ անցկացվել է «ՆԻՎԱ»-ի հայելիների հետ կապված դատահետքաբանական փորձաքննություն: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ «ՆԻՎԱ»-ն հայելիներ չի ունեցել: Այս դիրքորոշումը տուժող կողմն անընդունելի է համարում: Փորձագետները կպարզեն, թե հայելիներ եղել են, թե՝ ոչ: Կամ եթե եղել են, դրանք վթարի հետևանքով են մեքենայից անջատվել, թե՝ ոչ:
«Եթե պաշտպանական կողմը վիճելի թեմա ունի՝ կապված ցանկացած հարցի հետ, ապա պարտավոր է կատարել համապատասխան միջնորդություններ, որպեսզի այդ հարցի պարզաբանումն ստանա և ոչ թե սոցկայքերով քննության առարկա դառնա»,- ասաց Ռ.Բալոյանը՝ նշելով, որ թեև կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել ցանկացած փորձաքննության, սակայն Վարդան Պետրոսյանի պաշտպաններից և որևէ մեկը չեն ներկայացել այդ փորձաքննությանը:
«Ես այդտեղ միտում եմ տեսնում: Հետագայում չեն կարող որևէ կերպ առարկել, թե այս հատվածը չի նայվել»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը:
Ռուբեն Բալոյանը, կասկածի տակ դնելով վթարի պահին Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը, միջնորդել է նաև նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն: Տուժող կողմը նախաքննական մարմնի ուշադրությունն է հրավիրում Վարդան Պետրոսյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկի կողմից արված գրառումների վրա: Ըստ հիվանդության նկարագրի՝ նախ նշվում է, որ «հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ», դրանից հետո այլ երանգի գրիչով երկու հարցական նշան է դրված, ապա նորից առաջին գրիչով գրված է՝ «վրայից ալկոհոլի հոտ է գալիս»:
Ըստ տուժող կողմի՝ ակնհայտ երևում է, որ հարցականները հետագայում են ավելացել:
«Որքանո՞վ էր իրավաչափ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը» հարցը Ռուբեն Բալոյանը չցանկացավ քննության առարկա դարձնել.
«Ի վերջո, տուժողների բողոքի հիման վրա չէ, որ Վարդան Պետրոսյանը կալանավորվել է, այլ՝ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա, ուրեմն ինքն էլ պիտի տա այդ հարցի պատասխանը»:
Մանրամասները այստեղ`