
Ուկրաինական ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցությունների երեք պայման է նշել

Ուկրաինայի հիմնական ընդդիմադիր ուժերը երեք պահանջ են ներկայացրել իշխանություններին, որոնց կատարումից հետո պատրաստ են բանակցություններ սկսել իշխանությունների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այդ պահանջներն են` կառավարության հրաժարական, Եվրամայդանի ձերբակալված մասնակիցների ազատ արձակում եւ նոյեմբերի 30-ի հանրահավաքը ուժով ցրելու մեղավորների նկատմամբ պատժի կիրառում:
Պայմանները հրապարկվել են շաբաթ կայացած մամուլի ասուլիսում: Իրենց պահանջների կատարումից հետո բանակցությունների նպատակը, ըստ ընդդիմադիրների, լինելու է «տեխնիկակասն կառավարության» ձեւավորումը` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար: Բացի այդ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն նախագահի եւ Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների ու սահմանադրական հնարավոր փոփոխությունների հարցերը: