Հեծանիվներով բողոքի ակցիան կայացավ (լուսանկարներ)
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն այսօր հեծանիվներով երթ-ակցիա անցկացրին: Նրանք հեծանիվներով հավաքվեցին Ազատության հրապարակում, Երևանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա վերադարձան Ազատության հրապարակ:
Ակցիայի մասնակցիները նշում էին, որ իրենց հիմնական նպատակը մարդկանց իրազեկելն է այն մասին, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու կենսաթոշակային պարտադիր համակարգը:
«Մեր քաղաքացիներից շատերը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում: Հեռուսատատեսությամբ պրոպագանդան այնպես է ներկայացվել մարդկանց, որ նրանց թյուրիմացության մեջ են գցել: Նրանք գիտեն, թե միայն ծրագրավողորողներից են գումար պահելու և չեն էլ պատկերացնում, որ իրենք էլ պետք է գումարներ վճարեն:
Ստացվում է, որ իրենք չպետք է պայքարեն: Մենք իրազեկման երթ ենք անում, որպեսզի բոլորն իմանան, որ նույնպես վճարելու են այդ գումարները: Քանի որ քիչ ժամանակ է մնացել, երբ փետրվարին կստանան աշխատավարձ և կտեսնեն, որ իրենց խղճուկ աշխատավարձի մի մասը չկա, այն ժամանակ նոր դուրս կգան փողոց: Մենք իրենց նախապաես ասում ենք, որ պատրաստ լինեն հենց հիմա պայքարելու օրինականություն հաստատելու համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պարտադիր կենսաթոշակային համակարգը խախտում է սեփականության տնօրինման իրենց սահմանադրական իրավունքը:
Երթ-ակցիայի մասնակիցները հեծանիվներով երթի ժամանակ բաժանեցին նաև իրազեկման թերթիկներ: Նշենք, որ ակցիային մասնակցում էին նաև ոչ միայն երիտասարդները: Տարեց մարդիկ նշում էին, որ չնայած այդ օրենքն իրենց չի վերաբերվում, բայց իրենք եկել են երիտասարդների աջակցելու: