Անկարան նախաձեռնում է «Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան» փոխհարաբերությունների եռակողմ ձևաչափ
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են հիմնել փոխհարաբերությունների եռակողմ ձևաչափ: Այս մասին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ներկա դրությամբ արդեն իսկ առկա են «Թուրքիա-Իրան-Ադրբեջան» և «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան» եռակողմ ձևաչափեր, որոնց շրջանակներում տվյալ երեք երկրների արտգործնախարարներն իրականացնում են ամենամյա հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 17-ին, Քոնիայում: Իսկ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ տարի, Բաքվում:
Ի դեպ, Թուրքիան երկու ձեռքով կողմ է, որ թուրքմենական գազը «Անդրկասպյան» գազատարով, որն անցնելու է Կասպից ծովի հատակով և ունենալու է մոտ 300 կիլոմետր երկարություն, հասցվի Ադրբեջան, որտեղից էլ այն «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով կհասցվի Թուրքիա, ապա նաև «Անդրանատոլիական» գազատարով (TANAP)` ԵՄ-ի սահման:
Ադրբեջանն ու Թուրքմենստանը խնդիրներ ունեն Կասպից ծովի հանքավայրերը կիսելու հարցում, և Թուրքիան կարող է նպաստել դրանց հարթեցմանը: Թուրքմենական գազը կնվազեցնի «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործմանն ամեն կերպ խոչընդոտող Ռուսաստանից ու Իրանից գազի ներկրման հարցում Թուրքիայի ունեցած մեծ կախվածության նվազեցմանը: