ՀՀ նախագահի անունից՝ ի պատիվ ՌԴ նախագահի, կազմակերպվել է պետական ընդունելություն (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:
ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք անգին են ցանկացած հայի համար և արտացոլված են դեռևս 11-րդ և 12-րդ դարերով թվագրված «Սուրբ Թեոդոսիոսի՝ Պեչերյան վանքի վանահոր խոսքում» և «Իլարիոն Մեգլինսկու վիճաբանություններում»:
Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խորը արմատներ և փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը և հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում: «Մեր ժողովուրդների պատմական կապերի զարգացման մեջ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանի այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք են Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար և Գերագույն կարգադրական հանձնաժողովի ղեկավար Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, գեներալ Մադաթովը, Լազարյան եղբայրները և շատ ուրիշներ: Նրանց քաջակորով գործերը շարունակվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսական տարիներին` մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանց-Խուդյակովի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի և շատ ուրիշների կողմից: Ռուսական պետության մեծության և հզորության ամրապնդման գործին իրենց նվիրաբերած ականավոր զավակների համաստեղությունում չեմ կարող չհիշատակել վերջերս մեզանից հեռացած Գևորգ Անդրեյի Վարդանյանին` մարդ-առասպելին, նշանավոր ծպտյալ հետախույզին, Խորհրդային Միության հերոսին: Մեր միասնական պատմության այս ընդհանուր հերոսները շատ տասնամյակներ առաջ տոն հաղորդեցին մեր ժողովուրդների մարտական եղբայրությանը:
Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը:
Գյումրիի և ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ և տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ և միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարևոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որը, իրավամբ, համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին և նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Իր խոսքում Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Երևանում այսօր բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» անվանմամբ հուշարձանի և Գյումրիում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին և նրա որդիներին:
Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ ևս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների և նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարևոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:
Փոխադարձ բաժակաճառում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը և Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի և Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենևին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի և բարեկամ երկու ժողովուրդների հոգևոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին:
«Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ և ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում և հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՀ նախագահի գրասենյակ